Ամանորին ընդառաջ, մայրաքաղաքի բոլոր մարդաշատ վայրերում (հիմնականում մետրոների մոտակայքում) ուղղակի մարդկանց ոտքի տակ, շնչահեղձ անելու աստիճան, վաճառքի են հանվել նոր տարվա խորհրդանիշները` տոնածառներն ու «ձիերը»: Տոնածառները, ինչպես նախորդ տարիներին, դարձյալ շարված են ըստ հերթականության` մեծից փոքր: Գները, բնականաբար, նույնպես` թանկից էժան: Օրինակ, «Ռոսիա» կինոթատրոնի դիմացի տոնածառները սկսվում են 80 հազար դրամից, աստիճանաբար իջնում մինչև 4-5 հազար դրամ: Նշեմ, որ մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ ձյան վրա վաճառվող նույն այս տոնածառները քաղաքի «պրիստիժնի» խանութներում կրկնակի գնով են դրված: Օրինակ, 80 հազարանոցը մայրաքաղաքի կենտրոնական փողոցների շատ խանութներում կարելի է հանդիպել 150-160 հազար դրամով: Այսինքն` մեծ նշանակություն ունի, թե որտեղից ես գնում այն` դրսի՞ց, որի կողքին ցրտից կծկված և ոտքերը հազիվ շարժող կիսասառցակալած վաճառողը ձգտում է որքան հնարավոր է շուտ «ազատվել» իր արհեստական գեղեցկուհիներից, թե՞ հարմարվետ ու տաքուկ խանութներից: Երբ նրանցից մեկից հետաքրքրվեցի, թե արդյոք առևտուր լինո՞ւմ է, վերջինս ցրտից ծամածռված ժպիտով, ձեռքերը միմյանց շփելով, բայց` մեծ գոհունակությամբ ասաց. «Ո՜նց չի ծախվում, բա ընչի՞ ենք ստեղ կանգնած»: «Եթե ծախվում է, շատ ուրախ եմ. Ձեզ համար եմ անհանգստանում»,-ասացի ես: Նա կրկին փորձեց ժպտալ, բայց սառած դեմքի վրա այդ ժպիտն ավելի շատ լացի նմանվեց…
Ասում են, 2014-ը ձիու տարի է, այն էլ` կապույտ: Եվ քանի որ այս տարի ձիու տարի է, ամեն քայլափոխի ձիանման ինչ-որ խաղալիքներ ու նվերների տեսքով արձանիկներ են վաճառվում: Ազնիվ խոսք, նրանք ավելի շատ նման են աղվեսի, վիշապի և ուրիշ այլ կենդանիների, բայց ոչ ձիու: Երեկ դրանցից մեկը երկար զննելուց, շոռումուռ տալուց հետո երիտասարդ վաճառողից հետաքրքրվեցի, թե ի՞նչ է դա, պատասխանեց ` ձի է: Ավելի զարմացա, որովհետև «ձիու» մեջքը վիշապի էր նման, գլուխը կլոր էր, ականջներն էլ համարյա չէին երևում: Հարցին, թե արդյոք վաճառվո՞ւմ են այդ ձիանման հուշանվերները և քանի՞սն է կարողացել վաճառել երիտասարդն օրվա ընթացքում, նա պատասխանեց գրեթե տոնածառ վաճառողի պես. «Շա՜տ, չենք բողոքում…»: «Լավ է, որ չեք բողոքում և գոհ եք: Ո՜Ւր էր, թե բոլոր հայաստանաբնակներն այդքան գոհ լինեին իրենց աշխատանքից ու չբողոքեին»,-մտածեցի ես:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ